Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեղաբույսեր

Ընկույզը ժողովրդական բժշկության մեջ

Ընկույզը ժողովրդական բժշկության մեջ

Դեռ վաղուց, որպես թանկարժեք պտղատու ծառատեսակ, ընկուզենին մշակվում է Կովկասում, Ղրիմում, Մոլդովայում, Ուկրաինայում: Մեզ մոտ ընկուզենու վայրի տեսակը հանդիպում է Տաուշի, Կապանի եւ մի քանի այլ տարածաշրջաններում: Բժշկական նպատակով օգտագործում են ընկուզենու պտուղն ու տերեւները:

 

Սովորական ընկուզենու տերեւները պարունակում են օքսինավթոխինոն, հիդրոյուգլոն, եթերային յուղեր, ֆլավոնոիդներ, դաբաղային միացություններ, վիտամին C եւ այլն: Ոչ հասուն պտղի արտաքին կանաչ կեղեւը պարունակում է վիտամին C, դաբաղանյութեր, գալոտին եւ ճարպեր, ներկանյութ` յուգլոն:

 

Ընկույզի միջուկը պարունակում է մինչեւ 75 տոկոս ճարպեր, 20 տոկոս սպիտակուցներ, միկրոտարրեր` երկաթ, կոբալտ, մի շարք վիտամիններ` C, A, B1, P, E: Չհասունացած պտղի մեջ վիտամին C-ի քանակը 50 անգամ ավելի է, քան կիտրոնի, եւ 8 անգամ ավելի, քան սեւ հաղարջի մեջ: 1 պտղի վիտամին C-ի քանակը կարող է բավարարել մարդու 2 օրվա տվյալ վիտամինի պահանջը: Պարզված է, որ հասունացած ընկույզի միջուկը հեշտությամբ յուրացվում է մարդու օրգանիզմի կողմից։

 

Գիտական բժշկության մեջ ընկույզից ստացված «Յուգլոն» պատրաստուկը, քսուքը, լուծույթը եւ սուսպենզիան օգտագործվում են ստրեպտոկոկերով եւ ստաֆիլակոկերով ախտահարված մաշկի բուժման դեպքում: Կիրառվում է նաեւ հարթ մաշկի վերնաշերտային հիվանդությունների բուժման համար: Կանաչ պտուղներն օգտագործվում են C վիտամինային խտանյութ ստանալու համար: Տերեւներից ստացված «Կարիոն» պատրաստուկը կիրառվում է գայլախտ հիվանդության ժամանակ:

 

Կան նաեւ շատ տվյալներ, երբ ընկուզենու պտուղներն օգտագործվում են որպես սրտանոթային հիվանդությունների, թոքախտի, շաքարային դիաբետի կանխարգելիչ կամ բուժիչ միջոց: Օրինակ` Ավիցենան ծեծած ընկույզը մեղրի հետ օգտագործել է թոքախտի եւ այլ հիվանդությունների բուժման համար: Առհասարակ հին ժամանակներում ընկույզն օգտագործվել է որպես հակաթույն՝ լուրջ թունավորումների ժամանակ:

 

Ա. Ն. Սինյակովն ընկույզի պատրաստուկներն առաջարկում է օգտագործել դժվար բուժվող խոցերի, այրվածքների, թարախաբշտիկների, ստամոքսային որոշ հիվանդությունների, ներքին արյունահոսությունների, կլոր որդերի եւ մի շարք այլ հիվանդությունների բուժման համար: Ընկույզը նաեւ հիանալի դիետիկ սնունդ է շատ հիվանդությունների դեպքում: Այն տրվում է հիպո- եւ ավիտամինոզի, ինչպես նաեւ՝ երկաթի ու կոբալտի աղերի պակաս ունեցող հիվանդներին: Կերեւներից եփուկ պատրաստելու համար անհրաժեշտ է 250գ տերեւները 1լ ջրում եփել 10 րոպե, լցնել լոգանքի ջրի մեջ եւ օգտագործել: Այն շատ օգտակար է նեյրոդերմիտի, քորի, ցանի, ռախիտի, ինչպես՝ նաեւ կաթնագեղձերի, թութքային, խոցային վերքերի բուժման համար:

 

Տերեւների թուրմով կարելի է ողողել բերանը` կոկորդի եւ բերանի հիվանդություններից ազատվելու համար: Թուրմ պատրաստելու համար անհրաժեշտ է 100գ թարմ տերեւները 500մլ եռջրի մեջ թողնել 2 ժամ, քամել եւ տաք վիճակում կում-կում խմել` որպես ընդհանուր ամրապնդող միջոց ավիտամինոզի, ինչպես նաեւ՝ որդերի դեմ: Իսկ քսուքը պատրաստելու համար 100գ տերեւները պետք է լցնել 200մլ ձիթապտղի յուղի մեջ, թրմել 10 օր եւ քամել: Այն կարելի է օգտագործել որպես արտաքին գործածման միջոց` մաշկի վերքերի եւ խոցերի բուժման նպատակով: Միայն ալերգիկներին խորհուրդ է տրվում զգույշ լինել ընկույզի հետ, քանի որ այն նաեւ ուժեղ ալերգեն է համարվում:

 

Մի քանի օգտակար միջոց անգինայի դեպքում

 

- Վերցնել մեղր, մանանեխ, սպիրտ, արեւածաղկի ձեթ, ալյուր եւ ջուր` մեկական ճաշի գդալ: Այս ամենը լավ խառնել ու թանզիֆի կտորի մեջ լցնելով՝ կապել կոկորդին, իհարկե, վրայից ծածկելով պոլիէթիլենի թաղանթով ու տաք շորով: Այն կարելի է պահել 2 ժամ, այնուհետեւ հանել:

 

- 2 բաժին մեղրը, 1 բաժին ալոէն, 3 բաժին օղին խառնել իրար, լցնել թանզիֆի վրա ու դնել կոկորդին` նորից փաթաթելով տաք շորով:

 

Ինքնաբուժությամբ կարելի է զբաղվել միայն այն ժամանակ, եթե այդ պահին հնարավոր չէ բժշկի այցելել, իհարկե, խոսքը կոմպրեսների մասին չէ:

Հեղինակ. Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ
Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ